ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ միջև շախմատի չորրորդ մրցաշարը


8 February 2018
Փետրվարի 10-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք.Երևան, Շևչենկոյի փ.34) տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:
Շախմատի առաջնությունը տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան Բանկի  հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:
Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենաարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը:
Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից:

«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն ՎՏԲ-Հայաստան Բանկին այս արդեն ավանդական դարձած մրցումներին աջակցման համար», - նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, անցած երեք մրցաշարերում՝ 2015, 2016 և 2017 թվականներին հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը:
Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են զանգահարել հետևյալ համարներով՝ 077 181878, 010 550619:


Back to the list